
Դիպլոմային նախագիծ ․ Նատյուրմորտ
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ
Մարիաննա Հապետյան Սեդրակի
<<Մոդեռն նատյուրմորտ>>
Լուսանկարչական գործ
Դասավանդող, Սուսաննա Ամուջանյան
քաղաք Երևան 2019
ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ
Նատյուրմորտը կերպարվեստի ժանր է. պատկերում է անկենդան առարկաներ (կահ-կարասի, սպասք, մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ, ձկներ,
մասնագիտական պիտույքներ և այլն):
«Նատյուրմորտը» ֆրանսերեն է. նշանակում է մեռած բնություն: Նատյուրմորտի մոտիվները՝ որպես կոմպոզիցիայի մանրամասեր, գոյություն են ունեցել հինարևելյան, անտիկ և միջնադարյան արվեստներում: Նատյուրմորտը՝ որպես ինքնուրույն ժանր (գլխավորապես հաստոցային գեղանկարչության մեջ), սկզբնավորվել է նոր ժամանակի եվրոպական արվեստի կազմավորմանը զուգընթաց: Վերածննդի շրջանի իտալացի, մասնավորապես նիդեռլանդացի վարպետներն իրենց աշխատանքներում կարևորել են նյութական աշխարհը, իրերի զգայական գեղեցկությունը:
XVII դարի նիդեռլանդական նատյուրմորտը բացառիկ մշակութային երևույթ է, որն ազդել է եվրոպական գեղանկարչության հետագա զարգացման վրա: Այդ ժանրի առաջին տեսակներից են ծաղիկներով նատյուրմորտները. առանձնանում են հատկապես Ամբրոսիուս Բոսհարտ Ավագի և Բալթազար վան դեր Աստի գործերը: Ավելի ուշ այդ տեսակը զարգացրել է Յան Դավիդս դե Հեմը: Ծաղիկներով նատյուրմորտի տարածվածությունը պայմանավորված էր նիդեռլանդական կենցաղի առանձնահատկությամբ (սերը ծաղկանոցների, այգիների, տնային բույսերի նկատմամբ): Նիդեռլանդներում տարածված էր նաև «գիտական» նատյուրմորտը (սկզբնավորվել է Լեյդեն քաղաքում), որի վարպետներից են Պիտեր Սթենվեյքը և Դավիդ Բայլին: «Գիտական» նատյուրմորտում առկա են հնարքներ, որոնք ստեղծում են տեսողական խաբկանք:
Նատյուրմորտը՝ որպես գեղանկարչության ժանր, սկզբնավորվել է իտալացի նկարիչ Յակոպո դե Բարբարիի «Նատյուրմորտ» (1504 թ.) աշխատանքով, սակայն առավել տարածվել է XVI դարի 2-րդ կեսին և XVII դարի սկզբին: Իտալական նատյուրմորտի զարգացմանը նպաստել են Կառավաջոյի նորարարական բարեփոխումները, որոնց ազդեցությունը նկատելի է նաև իսպանական նատյուրմորտներում:
XVII դարի վերջին ֆրանսիական նատյուրմորտներում գերիշխել են պալատական արվեստի դեկորատիվ սկզբունքները: XVIII դարում այդ ժանրի ամենաակնառու ներկայացուցիչը Ժան-Բատիստ Սիմեոն Շարդենն է: XIX դարում նատյուրմորտի զարգացման ընթացքը նախանշել են տարբեր ժանրերով ստեղծագործող գեղանկարիչներ, իսկ վերելքը պայմանավորել են ուշ իմպրեսիոնիզմի վարպետները: Դարավերջին Վինսենտ վան Գոգն իր գործերով ընդարձակել է նատյուրմորտի սահմանները:
Ժանրի զարգացմանը նպաստել են նաև XX դարի նկարիչները՝ Պաբլո Պիկասսոն (Ֆրանսիա), Ջորջո Մորանդին (Իտալիա), Դավիդ Սիկեյրոսը (Մեքսիկա), Կուզմա Պետրով-Վոդկինը (Ռուսաստան) և ուրիշներ:
Հայկական կերպարվեստում նատյուրմորտի մոտիվներն արտացոլվել են միջնադարյան մանրանկարչության մեջ: Առաջին նատյուրմորտների հեղինակը նկարիչ Մինասն է (XVII դար): Նատյուրմորտը՝ որպես ժանր, Հայաստանում վերջնականապես ձևավորվել է XIX դարի վերջին, որի նշանավոր ներկայացուցիչը Զաքար Զաքարյանն է: XX դարում նատյուրմորտներ են ստեղծել Վարդգես Սուրենյանցը, Հմայակ Հակոբյանը, Եղիշե Թադևոսյանը և ուրիշներ: Հայ նոր գեղանկարչության մեջ ազգային նատյուրմորտը սկզբնավորվել է Մարտիրոս Սարյանի գործերով:
Այս աշխատանքում ես փորձել եմ ցույց տալ նատյուրմորտի՝ որպես ժանրի, ձևափոխումը; Լինելով դարեր շարունակ կերպարվեստի ամենահարազատ ժանրերից՝ այն ուրիշ գործառույթ է ստանձնում՝ ընդգրկվելով լուսանկարչական տիրույթ; Նատյուրմորտի առջև դրված ավանդական խնդիրները դառնում են միջոց վերարտադրելու համար այլ կոնտենտ; Արդի կամ մոդեռն նատյուրմորտ շարքում ձգտել եմ պատկերել սպառողական հասարակությանն ուղղված ուղերձը՝ գովազդը, որը հանդիսանում է այն հիմնական գործիքը, որով անընդհատ արտադրվում են նոր կեղծ պահանջմունքներ; Գեղարվեստի փորձառությունը՝ պատկերելու մահացած բնությունը /ինչպես ուղղակի թարգմանաբար նշանակում է նատյուրմորտը/ արդեն մի քանի տասնամյակ ծառայում է շուկայական ապրանքները ներկայացնելուն;