top of page

05.11.2016

ԽԱՌՆՎԱԾՔԻ 4 ՏԻՊԵՐ

Խառնվածքը յուրաքանչյուր առանձին մարդու ամենաընդհանուր բնութագրությունն է՝ նրա նյարդային համակարգի ամենահիմնական բնութագիրը, որն այս կամ այն հետքն է թողնում յուրաքանչյուր անհատի ամբողջ գործունեության վրա:
Խառնվածքը բնութագրում է` մարդը հավասարակշռված է վարքում, թե անհավասարակշռված, ուժե՞ղ է արձագանքում ներգործություններին, թե թույլ, շարժու՞ն է գործունեության մեջ, թե իներտ, հեշտությա՞մբ է մարդկանց հետ կապի մեջ մտնում, թե ոչ, ինքնամփոփ է, թե շփվող:


Պատմականորեն սահմանվել են խառնվածքի հետևյալ չորս տիպերը.

Սանգվինիկ

Լավ հավասարակշռված ու շարժուն, նյարդային պրոցեսներ ունեցող բարձրագույն նյարդային գործունեության ուժեղ, հավասարակշռված տիպին համապատասխանում է սանգվինիկը: Պավլովի բնորոշմամբ սանգվինիկը կրակոտ, շատ արգասավոր գործիչ է, բայց միայն այն ժամանակ, երբ նա ունի հետաքրքրական շատ գործեր, այսինքն` մշտական գրգռմունք: Սանգվինիկը աշխույժ մարդ է, հեշտությամբ հարմարվում է կյանքի փոփոխված պայմաններին, նա արագորեն կապ է հաստատում շրջապատի մարդկանց հետ, ուստի և մարդամոտ է, իր համար նոր մարդկանց հետ կաշկանդվածություն չի զգում: Կոլեկտիվում սանգվինիկը զվարթ է, կենսուրախ, հաճույքով նոր աշխույժ գործ է ձեռնարկում, ընդունակ է խիստ հրապուրվելու: Նրա մեջ զգացմունքները հեշտությամբ են առաջանում և հեշտությամբ էլ փոխարինվում, ուս-
տի նա առանց դժվարության կարողանում է հաղթահարել մռայլ տրամադրությունը, եթե այն առաջանում է վտանգավոր իրադրություններում, իսկ նրա սովորական վիճակը լավատեսական է:

Խոլերիկ

Անհավասարակշիռ տիպ: Խոլերիկ տիպը ակնհայտորեն մարտական տիպ է, դյուրաբորբոք, հեշտությամբ և շուտ գրգռվող, խանդող, հիշաչար, վրեժ լուծող: Խոլերիկի և սանգվինիկի խոսելու տեմպը արագ է, գործունյա: Խոլերիկը շատ հաճախ անտակտ է լինում, անզուսպ: Նա ընդունակ է ամբողջ կրքով նվիրվելու գործին, հրապուրվելու նրանով, ուժերի հորդում զգալով, նա պատրաստ է հաղթահարելու և իսկապես հաղթահարում է իր նպատակի ճանապարհին ամեն մի դժվարություն ու խոչընդոտ: Բայց ահա ուժերը սպառվեցին և ուժեղ նյարդային համակարգ ունեցող մարդու մոտ վրա է հասնում անկումը, նա <<ավելի է ուժասպառ լինում, քան պետք է, նա աշխատելով իրեն այնքան է հալից գցում, որ ուժերը չեն ներում որևէ բան անելու>>: Խոլերիկը հարաբերությունների մեջ կտրուկ է, ուղղամիտ, ընդունակ է գործունեությունը հասցնել մեծ լարվածության:

Ֆլեգմատիկ

Գրգռման և արգելակաման բավականաչափ հավասարակշռված պրոցեսներ, նյարդային պրոսեցների համեմատաբար ոչ բարձր շարժունակություն ունեցող անձնավորությունները պատկանում են ֆլեգմատիկների կարգին: Ըստ Պավլովի, <<ֆլեգմատիկը կյանքի հանգիստ, մշտապես հավասարակշռված, հաստատակամ ու համառ աշխատավոր է>>: Նյարդային պրոցեսների հավասարակշռության և որոշ իներտության շնորհիվ ֆլեգմատիկը հանգիստ է մնում նույնիսկ ծանր հանգամանքներում: Գրգռման պրոցեսի ուժեղ արգելակման, հավասարակշռվածության առկայությամբ նրա համար դժվար չէ իր պոռթկումները զսպել: Նա սիրում է ուշադրությունը մանրուքների վրա բևեռել, ուստի կարող է կատարել ուժերի հավասար ծախսում, տևական ու մեթոդիկ լարում պահանջող գործում: Ֆլեգմատիկը հիմնակնում չսովորող է, քայլում է հանգիստ, խոսում է հանգիստ, ուժեղ չի զարմանում, զայրանում, ծիծաղում, դանդաղկոտ է:

Մելանխոլիկ

Մելանխոլիկ տիպի մարդկանց սովորաբար հատուկ են ամոթխածությունը, անվճռականությունը, երկչոտությունը: Նրանց վախեցնում են նոր իրադրությունը, նոր մարդիկ, նրանք մարդկանց հետ շփվելիս շփոթվում են, ուստի և հակված են ամփոփվելու իրենց մեջ: Մելանխոլիկները շուտ հուսահատվող են, նրանք նույնիսկ վարկածներ չեն կարող առաջ քաշել, իրավաբան աշխատել չեն կարող, չեն կարող հաստատել ճշմարտությունը: Ինչի վրա ուշադրություն չի դարձնի սանգվինիկը, ինչը չի մոռանա խոլերիկը, այն սրտին շատ մոտ կընդունի մելանխոլիկը: Մելանխոլիկի նկատմամբ պետք է շատ զգուշ լինել, երրորդ մարդու ներկայությամբ նկատողություն չանել: Մելանխոլիկը նրբազգաց է, ամեն ինչին նայում է սև աչքերով:

bottom of page